Հայաստանի ատոմային էլեկտրակայանն աշնանը ծրագրային վերանորոգում կանցնի: Այդ ընթացքում կհիմնանորոգվի նաև 4-րդ գեներատորը, որի խափանման հետևանքով նախորդ տարի էլեկտրակայանը 330 մլն կՎտ/ժ-ի թերարտադրանք էր ունեցել: Այս մասին ամփոփիչ հաշվետվության ներկայացման ժամանակ նշեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը:

 

Նա հիշեցրեց, որ 4-րդ գեներատորի կապիտալ վերանորոգման ընթացքում պահանջվող ռեգլամենտային բարձրավոլտ ստուգումների արդյունքում վնասվել էր գեներատորի ստատորի ձողերից մեկի մեկուսացումը, որի պատճառով 4-րդ գեներատորը գտնվեց վերանորոգման մեջ լրացուցիչ 88 օր և ՀԱԷԿ-ին բերեց 330 մլն կՎտ/ժ թերարտադրանքի: «2014 թվականին թիվ 2-րդ էներգաբլոկի վերանորոգումը պլանավորված է կատարել 45-օրյա ժամկետում, իսկ 4-րդ գեներատորի կապիտալ վերանորոգումը՝ 58 օրում: 2013 թվականին պլանային վերանորոգման աշխատանքները նախատեսված էր կատարել 55-ամյա ժամկետում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց Մարկոսյանը:

 

Նա տեղեկացրեց, որ բացի ստանդարտ ռեգլամենտային աշխատանքներից, կատարվել են նաև անվտանգությանն ուղղված մեծածավալ աշխատանքներ: «Որպես օրինակ, կարող եմ նշել, որ ներդրվել է վթարային կառավարման վահանակի և հետվթարային վերահսկման համակարգ, ռեակտորի տեխնոլոգիական պարամետրերով վթարային պաշտպանության համակարգ: Այդ ընթացքում ընդարձակված գրաֆիտե ներդիրներով են փոխարինվել ռեակտորի վերին բլոկի նիկելային ներդիրները և արդիականացվել է 6/0.4 կՎ բաշխիչ սարքավորումների սրահների հովացման համակարգը»,- ասաց ԱԷկ-ի տնօրենը՝ նշելով, որ թիվ 2 էներգաբլոկի 49,4 օր տևած վերանորոգումից հետո ցանցին է միացվել նաև 3-րդ տուրբոգեներատորը՝ 220 մՎտ հզորությամբ:

 

Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 1970 թվականին: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվել է: 1995 թվականին ատոմակայանը կրկին վերագործարկվել է: