ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

շնորհավորում եմ մեր պետական կարևորագույն տոներից մեկի' Սահմանադրության օրվա առթիվ:

 

Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող և երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահանջով սահմանադրական բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դառնում պետական ու հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից և դրանում կատարված փոփոխություններից հետո միջպետական ու հասարակական հարաբերություններում, քաղաքականության ասպարեզում, տնտեսության ոլորտում, մարդկանց գիտակցության մեջ զգալի տեղաշարժեր են կատարվել: Եվ ներկայումս ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն մեր երկրի զարգացման ընթացքն ավելի համահունչ դարձնել ժամանակին:

 

Այն, որ առաջարկվող բարեփոխումների շուրջ քաղաքական տարբեր քննարկումներ, բանավեճեր ու տեսակետների բախումներ են տեղի ունենում, լավագույնս է վկայում Սահմանադրությամբ նախատեսված' մարդու իրավունքների ու ազատությունների անկաշկանդ ու անխոչընդոտ իրացման մասին, փաստելով, որ ժողովրդավարությունը մեզանում բավականին հասունացել է, որ հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական զարգացման մեծ դպրոց է անցնում:

 

Սիրելի հայրենակիցներ,

 

իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու և գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարևոր գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ, մրցունակ ու բարեկեցիկ:

 

Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն, լավատեսություն և հաջողություն հանուն յուրաքանչյուրիս ընտանիքի, հանուն հարազատ երկրի բարօրության և զարգացման»: