ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Տավուշի մարզ և ծանոթացավ սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթղակիցը, վարչապետին տեղեկացրին, որ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային խնդիրների' մասնավորապես անձրևների, և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով, փոքր-ինչ կերկարաձգվի:

 

Հովիկ Արբրահամյանն իր հերթին հանձնարարեց, որպեսզի ճանապարհահատվածը ամբողջովին շահագործման հանձնվի մինչև օգոստոսի վերջ:

 

Լրագրողների հետ զրույցում «Իջևան-Ճանշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը նշեց, որ ճանապարհի հողային աշխատանքների 90 տոկոսն ամբողջությամբ իրականացվել է: «Վտանգավոր գոտում հատվածի 250 մ տարածքով պատ է կառուցվում, որը թույլ չի տա, որպեսզի ճանապարհը տեսանելի լինի հակառակորդի դիպուկահարների համար»,- ասաց նա:

 

Այլընտրանքային ավտոճանապարհի երկարությունը 3,2 կմ է: Ճանապարհը կառուցվում է անվտանգության նկատառումներով, քանի որ ներկայումս շահագործվող ավտոճանապարհը գտնվում է հակառակորդի կրակի հասանելիության գոտում: