Վերջին օրերին մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Երևանի կրկեսի շինարարական աշխատանքները հեղափոխությունից հետո դանդաղել են։ 

Չնայած նրան, որ կրկեսի շենքը շահագործման հանձնելը ձգձգվեց 2016 թվականից 2018 թ․-ը, բայց այս տարի ևս այն շահագործման չի հանձնվի։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

 

«Կրկեսում շինարարական բրիգադը աշխատում է։ Կառուցման տեմպն ընկել է, բայց կավելանա։ Ես չեմ կարող ասել՝ ինչու է դանդաղել շինարարությունը, բայց այն բարդ կոնստրուկցիա է։ Մենք ամեն եռամսյակը մեկ Մոսկվայից մասնագետ ենք հրավիրում, որ օգնեն շինարարներին․ ուշանալը հասկանալի է։ Այն շահագործման կհանձնվի մյուս տարի, բայց կոնկրետ ամիս-ամսաթիվ չկա։ Ես ևս կցանկանայի՝ այս տարի լիներ և իմ 70 ամյակը կրկեսում նշվեր»,-ասաց Պետրոսյանը և հավելեց, որ չնայած այս պահին կրկես չկա, բայց կրկեսի դերասաններն աշխատում են․ նրանք հյուրախաղերի են։

Պետրոսյանն ասաց, որ այժմ իրենք վարձակալած տարածք ունեն, որտեղ էլ իրականացնում են ստեղծագործական աշխատանքները։

Կրկեսի տնօրենը նկատեց, որ  իրենք ակնկալում են, որ նոր շենքային պայմաններում ավելի շատ հանդիսատես կունենա, քանի որ «Հայաստանի նման կրկես սիրող հադիսատես չկա»։