Թեև ի սկզբանե երևանյան կրկեսի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված էր ավարտին հասցնել այս տարվա վերջին, սակայն Tert.am-ի հետ զրույցում կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ դրանք ամենայն հավանականությամբ կավարտվեն 2014թ-ի վերջին:
«Արդեն մեկ շաբաթ է սկսվել են կրկեսի կառուցման աշխատանքները: Ներկայումս կրկեսի նոր հիմքն է դրվում: Նոր նախագիծը արդեն պատրաստ է, այն փոփոխվեց, քանի որ կրկեսի պայթեցումից հետո մեր արդեն իսկ ունեցած նախագիծը փոխվեց»,- ասաց Սոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2012թ-ի հուլիսի 21-ին նախ պայթեցվեց Երևանի կրկեսի գմբեթը, այնուհետև որոշում կայացվեց պայթեցնել ամբողջ շենքը, ինչը իրականացվեց նույն թվականի սեպտեմբերի 8-ին:
Սոս Պետրոսյանը նշեց, որ նախնական նախագծով որոշված էր, որ կրկեսի շենքի ճակատամասը նույնությամբ թողնվի, սակայն դա թույլ չէր տալիս, որպեսզի կրկեսը ունենար ավտոկայան:
«Մեր կրկեսը ոչ միայն ավտոկայան կունենա, այլ նաև շենքը 6 մետրով կբարձրացվի: Պետք է նստատեղերը շատացնենք: Եթե առաջ 1563 տեղ էր, ապա առաջիկայում կունենա 2300 տեղ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ կրկեսը չէր համապատասխանում ժամանակակից չափանիշներին։
«Այն պետք է ունենա 3 մանեժ՝ իջնող ու անհետացող: Օրինակ՝ եթե իրար հետևից ուզում ենք ներկայացնել համար սառույցի վրա, այնուհետև ջրի մեջ, այնուհետև արենայում լինեն գազաններ, մենք դրա հնարավորությունը առաջ չունեինք: Որպեսզի ինչ-որ համարից հետո գազաններին արենա հանեինք 40 ր ժամանակ էր պետք: Հիմա ամեն ինչ մոդեռնիզացված կլինի»,- բացատրեց նա:
Սոս Պետրոսյանը նշեց, որ նախկինում իրենք չէին կարողանում բերել ու հայ հասարակությանը ներկայացնել՝ կրկես ջրի մեջ, սառույցի վրա, լայնածավալ օդային ատրակցիոններ և այլն: Նոր կրկեսը, ըստ նրա, բոլոր հնարավորությունները տալու է:
«Առաջ կենդանիների տեղը կրկեսի մեջ էր, երբ որ ժողովուրդը գալիս էր կրկես, ասում էր՝ պարո՛ն Պետրոսյան, հոտ է գալիս ամբողջ կրկեսից, հիմա դա կլինի դուրսը: Կունենանք դերասանների համար ամենաբարձր կարգի հյուրանոցային համալիր: Դրա համար հարկ եղավ, որ լրիվ քանդվի, մյուս տարվա վերջը կունենանք այն կրկեսը, որը մենք երկար տարիներ երազել ենք»,- ասաց նա:
Հիմնանորոգված կրկեսում առաջին ներկայացումը պլանավորված 2015թ-ին մարտին՝ հանրահայտ հայ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80 ամյակին:
«Մենք մեծ շուքով կնշենք նրա 80–ամյակը ու Հայաստանում կլինի միջազգային փառատոն: Կգան աշխարհի տարբեր ծայրերից ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրյա կրկեսային խմբեր ու դերասաներ ամբողջ տարվա ընթացքում»,-ասաց նա: