Ստեփանավանի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման այս տարվա վերջին, սակայն հստակ չեն ժամկետները, թե երբ այն կսկսի շահագործվել: Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Եվ Կապանի, և Ստեփանավանի օդանավակայանների վերագործարկմ ան առումով լուծվել են կազմակերպաիրավական բոլոր խնդիրները: Ստեփանավանում էլ արդեն ունենք փոքր անձնակազմ, որը սկսել է զբաղվել վերականգման աշխատանքներով: Մենք նախատեսել ենք, որ Ստեփանավանի օդանավակայանը, միգուցե կկարողանանք վերագործարկել այս տարի: Այս տարվա վերջին այն պատրաստ կլինի շահագործման, սակայն ես կդժվարանամ հստակ պատասխանել, թե այն երբ կսկի շահագործվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տերտերյանը:

 

 

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն այս հարցը քննարկում է նաև ՌԴ գործընկերների հետ: «Դուք տեղյակ եք, որ շատ շուտով իրականություն է դառնալու մի մեծ ծրագիր: Խոսքը հայ-ռուսական տարածաշրջանային խոշոր հումանիտար կենտրոնի բացման մասին է: Սա էլ շատ կարևոր հարց է: Հիմա մենք այդ հումանիտար կենտրոնի ամբողջ վերազինումն իրականացրել ենք, սպայական և գծային անձնակազմն արդեն կա: Հիմա մենք մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք տեխնիկական համալրման խնդիրները, և մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովին կներկայացնենք համապատասխան համաձայնագիրը: Սա իսկապես շատ խոշոր ծրագիր է, որի շնորհիվ մենք Հայաստանում ունենալու ենք տարածաշրջանային խոշոր հումանիտար կենտրոն»,- ասաց Տերտերյանը:

 

 

Փոխնախարարը կարծիք հայտնեց, որ ռուսները ևս պետք է շահագրգրված լինեն Ստեփանավանի և Կապանի օդանավակայանի արագ վերագործարկմամբ: «Հատկապես աղետների կառավարման և հետևանքների վերացման պարագայում այս երկու օդանավակայանները սիստեմատիկ նշանակություն կունենան, քանի որ դրանք հնարավորություն կտան արագ ուժեր ներգրավել, տարհանում իրականացնել»,- եզրափակեց Վաչե Տերտերյանը: