Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի բազմաբնակարան շենքը շուտով կհանձնվի շահագործման: Շենքի մի մասը պատրաստ է, եւ այնտեղ արդեն երկու ընտանիք է ապրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ապառաժ»-ը, բազմաբնակարան շենքն ունի 10 բնակարան:
Շենքի շինարարական աշխատանքները սկսվել ե ն անցյալ տարի՝ ‹‹Թուֆենկյան›› եւ ‹‹Քաշաթաղ›› բարեգործական հիմնադրամների հովանավորությամբ: Նախատեսված էր, որ բնակարանները կտրամադրվեն սիրիահայ ընտանիքներին , սակայն ինչպես Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թելունցն է նշում, սպասվածից ավելի քիչ սիրիահայ ընտանիքներ եկան Իշխանաձոր:
«Ներկայումս այնտեղ բնակվում է մեկ սիրիահայ ընտանիք եւ մեկ երիտասարդ ընտանիք ՀՀ-ից: Շուտով եւս մեկ սիրիահայ ընտանիք կտեղափոխվի Իշխանաձոր, եւ նրանց եւս կտրամադրվի բնակարան: Բնակիչներին կտրամադրվի նաեւ հողատարածք, որպեսզի կարողանան զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ: Մենք մեր ուժերի չափով պատրաստ ենք աջակցելու, այն ընտանիքներին, որոնք կտեղափոխվեն այստեղ»,- շեշտեց Արսեն Թելունցը: