Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր' շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։ Այս մասին տեղեկացրին ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների և շինարարների հետ։ Նոր մասնաշենքում ստեղծված են բոլոր հնարավորությունները ապագա հրամանատարների ուսուցման, հրամանատարաշտաբային դասընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններում կազմակերպելու համար:
Շրջայցից հետո պաշտպանության նախարարը կարճատև խորհրդակցություն է անցկացրել նոր մասնաշենքի դահլիճում, որի ընթացքում քննարկվել են ֆակուլտետի սրահների և լսարանների կահավորման ու ներքին հարդարման և ձևավորման հարցերը։ Քննարկումների առանցքում է եղել նաև մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգումը։