Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել Աֆղանստանին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը և անվտանգության բնագավառի աջակցությունը, եթե նախագահի պաշտոնի թեկնածուներից որևէ մեկն անօրինական ճանապարհով տիրանա իշխանությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ներքաղաքական իրադրության սրվելու կապակցությամբ:
Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հուլիսի 7-ին հայտարարել է, որ, նախնական տվյալներով, ընտրություններում հաղթանակ է տարել ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը, որը հավաքել է ձայների 56,44 տոկոսը:
Սակայն նրա մրցակիցը՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան հրաժարվել է ճանաչել քվեարկության արդյունքները՝ մատնանշելով ընտրություններում տեղ գտած մեծաթիվ խախտումները, և նախազգուշացրել է, որ «զուգահեռ կառավարություն» կստեղծի երկրում:
Փորձագետներն այն կարծիքին են, որ Աֆղանստանում ստեղծված իրադրությունը կարող է հանգեցնել նոր քաղաքացիական պատերազմի, իսկ «Թալիբան» շարժման հետ շարունակվող հակամարտության հաշվառմամբ՝ պետականության բոլոր հիմքերի լիակատար փլուզման:
Լուրջ անհանգստություն հայտնելով այս հաղորդումների առնչությամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորել է Աֆղանստանի ներկայիս ղեկավարությանը և նախագահի պաշտոնի թեկնածուներին՝ «հանգստություն պահպանել», ձեռնպահ մնալ բռնությունից, ինչպես նաև հարգանքով վերաբերվել ընտրական հանձնաժողովի գործունեությանը, որը պետք է հետաքննի քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների բոլոր դեպքերը:
«Անօրինական ճանապարհով իշխանության զավթմանն ուղղված բոլոր գործողությունները կհանգեցնեն ֆինանսական բնագավառում և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների և միջազգային հանրակցության կողմից Աֆղանստանին ցուցաբերվող օգնության դադարեցման»,- հայտարարել է Քերին:
Աֆղանստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտարարվելու են հուլիսի 22-ին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: