Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ հանդիպեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի դիմաց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով ուղեկցում էր վարչապետին, նախ նաիրիտցիներին տեղեկացրեց գործարանի շուրջ ստեղծված վիճակը: Նախարարի խոսքով՝ այժմ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվում և մշակվում ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր: «Ուսումնասիրությունները կավարտվեն առաջիկա երկու երեք ամիսների ընթացքում, վստահ եմ ելքեր կգտնենք ՝ձեր աշխատավարձերը վճարելու հարցում»,- ասաց Զախարյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նաիրիտցիներին կազմել 20 մարդուց բաղկացած խումբ և կառավարության նիստռից հետո հանդիպում անցկացնել իր մոտ: Միաժամանակ, վարչապետը վստահեցրեց, որ «Նաիրիտի» հետ կապված բոլոր մեղավորները կենթարկվեն պատժի: ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Նաիրիտի» հարցը կքննարկի նաև Սոչիում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 11-ին:
Նախարար Երվանդ Զախարյանն անդրադառնալով «Ռոսնեֆտի» կողմից «Նաիրիտը» վերագործարկելու հնարավորությանը՝ նշեց, որ ռուսական ընկերությունն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի մեկ ամսվա ընթացքում:
Արհեստական կաուչուկի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանը հիմնվել է 1940 թվականին: 2008 թ․ դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատանքը դադարեցվել է՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մոտ 1500 աշխատողներ ազատվել են աշխատանքից. չվճարված են մնում աշխատավարձեր: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը հետաքրքրված է «Նաիրիտում» ներդրումների իրականացմամբ: