Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկան երկկողմ հանդիպման արդյուքներով համատեղ հայտարարություն են ընդունել: Հայաստանի և Ուրուգվայի նախագահների հայտարարության մեջ ասված.

 

«Հայաստանի Հանրապետության նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը՝ վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը, առաջնորդվելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքում արձանագրված հիմնարար սկզբունքներով, գաղափարներով և նպատակներով, ընդունելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատ տնտեսության արժեքները, սկզբունքներն ու նորմերը, նպատակ ունենալով որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ուրուգվայական հարաբերությունների ողջ շրջանակը,

 

Պայմանավորվեցին շարունակել և ընդլայնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր մակարդակների խորհրդատվությունները Հայաստանի և Ուրուգվայի միջև, ավելի ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների և միջազգային համաժողովների շրջանակներում, հնարավոր բոլոր միջոցներով քաջալերել և խթանել երկկողմ համագործակցությունն առևտրի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում:

 

Համաձայնվեցին,

 

1. երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության վերաբերալ՝ լիարժեք օգտագործելով և օպտիմալացնելով առկա պատկառելի ներուժը: Այս կապակցությամբ պատրաստակամություն հայտնեցին պայմաններ ստեղծել երկու երկրների միջև գործարար կապերը խրախուսելու, առևտրի ծավալներն էապես ավելացնելու համար,

 

2. Օգտվել երկկողմ հարաբերությունների զարգացման այս հիանալի պահից՝ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանություններ բացելու հնարավորությունն ուսումնասիրելու վերաբերյալ

 

Գոհունակություն հայտնեցին ՀՀ նախագահի այցի շրջանակում չորս նոր պայմանագրերի ստորագրման կապակցությամբ և համաձայնվեցին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ:

 

Կարևորեցին Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, մասնավորապես՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան 2012 թվականին և Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցն Ուրուգվայ 2013 թվականին: Կողմերը հույս հայտնեցին, որ խորհրդարանական փոխանակումները, մասնավորապես Հայաստան-Ուրուգվայ և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով, հետագա զարգացում կստանան:

 

Նշեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը և պայմանավորվեցին բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց հետագա խորացման համար:

 

Շեշտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորելու անհրաժեշտությունը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

 

Հայկական կողմը գոհունակություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ուրուգվայի հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշման համար, արժևորեց Ուրուգվայի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը, ինչպես նաև հօգուտ հակամարտության արդարացի լուծման Ուրուգվայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները:

 

Ընդգծեցին նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերալ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների անաչառ տեսակետ ունենալու անհրաժեշտությունը՝ կողմերի միջև երկխոսության և բանակցությունների միջոցով լուծմանը հասնելուն օժանդակելու համար:

 

Ընդգծեցին Հայաստանի նկատմամբ տնտեսական պարտադրման միակողմանի միջոցների, այդ թվում՝շրջափակումների, ճանապարհների արգելափակման, տնտեսական մեկուսացման անընդունելիությունն ու միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից անօրինականությունը:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ արեցին աշխարհի պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել և դատապարտել հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարված հանցագործությունը: Հայկական կողմը երախտագիտությամբ հիշատակեց, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն սկսած երկիրն է, ինչպես նաև ողջունեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու Ուրուգվայի իշխանությունների որոշումը և այդ հարցում Նախագահ Խոսե Մուխիկայի անձնական ավանդը:

 

Խոր մտահոգություն հայտնեցին Սիրիայում շարունակվող բռնությունների կապակցությամբ, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, և իրենց աջակցությունը հայտնեցին արաբական այդ երկրում խաղաղության և կայունության վերականգնմանը միտված միջազգային բոլոր ջանքերին: Կողմերը հատուկ կարևորեցին սիրիացի փախստականներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը. այս առումով հայկական կողմը բարձր գնահատեց Նախագահ Խոսե Մուխիկայի նախաձեռնությունը՝ Ուրուգվայում ընդունելու 120 սիրիացի քաղաքացիներին, հատկապես երեխաներին, որոնք պատսպարված են ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի ճամբարներում

 

Բարձր գնահատեցին և ողջունեցին այն կարևոր դերը, որը երկկողմ հարաբերություններում խաղում է Ուրուգվայի հայ համայնքը և պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել հայ-ուրուգվայական կապերի ամրապնդմանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:

 

Ստորագրված է Մոնտևիդեոյում, 2014թ. հուլիսի 9-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն և իսպաներեն լեզուներով»: