Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն կատարելու ժամանակ գերեվարված ադրբեջանական
դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Ջալալ օղլու Գուլիևի եղբայրը' Իլհամ Գուլիևը հարցազրույց է տվել ադրբեջանական teleqraf.com լրատվական կայքին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ասել է, որ եղբայրն ամուսնացած է, մի դուստր ունի, և տեղյակ չէ նրա գերի ընկնելու մասին: «Հունիսի 18-ից հետո նրանից տեղեկություն չունենք: Շատ անհանգիստ ենք: Նա Ղարաբաղ մենակ չէր գնա»,- ասել է Իլհամ Գուլիևը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ երեկոյան հայտնել էր, որ հակառակորդը ձեռնարկել է ՀՀ և ԼՂՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հուլիսի 10-ին հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրել: ԼՂՀ ՊՆ-ը ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գերեվարման ապացույցները և խմբի գերեվարված 46-ամյա անդամ, Տերտերի շրջանի Գափանլը գյուղի բնակիչ Շահբազ Գուլիևի լուսանկարները: