2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ:
Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում են ԱՀ դատախազությունից, սույն դեպքի առթիվ 05.03.2023թ. ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը: