Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայարպետյանի այն հայտարարությանը, որ Աշխարհի առաջնությանում հայ մեկնաբանները խայտառակ կերպով են մեկնաբանում խաղերը' «Պարոն Ռուբեն Հայրապետյանը լսել է միայն այն, ինչ ցանկացել է լսել»: «Արժեքավոր ենք համարում ամեն մի հեռուստադիտողի, ֆուտբոլասերի կարծիքը: Պարոն Հայրապետյանը փաստել է, որ մեր մեկնաբանների պատճառով հայերը Ֆուտբոլ աշխարհի խաղերը հետևում են ռուսական ալիքներով, սակայն բավական է ընդամենը նայել մեր մեկնաբանությամբ խաղերի ռեյթինգային տվյալները, օբյեկտիվ պատկերը տեսանելի կլինի բոլորի համար' այդ թվում նաև իր»,-«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, փաստել է Հանրային հեռուստատեսության Սպորտի բաժնի պետ Սերոբ Օհանյանը:

Վերջինս ընդգծել է նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ևս դիմելու է տարատեսակ նորարարությունների ու հնարների, որպեսզի հաղորդումներն ու հեռարձակումները դառնան ավելի դիտարժան, հետաքրքիր ու բովանդակալից: «Մեզ շատ հաճելի է, որ պարոն Հայրապետյանը հետևում է մեր հաղորդումներին ու մեկնաբանների աշխատանքին։ Ես վստահեցնում եմ, որ երբ Հայաստանի ազգային հավաքականը նվաճի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր, մեր մեկնաբաններն արժանի կլինեն նրանց խաղերը մեկնաբանելուն»,-եզրափակել է Սերոբ Օհանյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը News.am կայքին տված հարցազրույցում մասվորապես փաստել է. «Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը այսպիսի խայտառակ մեկնաբանություն ունի: Նրանք ֆուտբոլ չեն մեկնաբանում, նրանք վատաբանում են, վարկաբերում ֆուտբոլիստներին, հավաքականներին, հակաեթերային բառեր օգտագործում: Ֆուտբոլը նրա համար է, որ մարդիկ հաճույք ստանան, սա արվեստ է, արհեստ, քաղաքականություն: Ֆուտբոլ չենք նայում տհաճություն զգալու համար»: