ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երևան-Սևան-Իջևան) ավտոճանապարհի 73+200 կմ 80+120 կմ հատվածում 2014 թվականի հուլիսի 16-ին կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ:

 

Այդ աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 16-ին' ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին, նպատակահարմար չի համարվում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների և 22 մարդուց ավել ուղևորներ փոխադրող ավտոբուսների երթևեկությունը:

 

Նման տրանսպորտային միջոցների երթևեկությունը Դիլիջան խորհուրդ է տրվում իրականացնել Երևան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղով: