Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն, այսօր՝ հուլիսի 14-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում անցկացրեց խոշոր ուսումնավարժություն' «Հրդեհների մարումը մշակութահանդիսարանային կազմակերպություններում» թեմայով:
Օպերայի շենքում ուսումնական հրդեհի մասին ծանուցում ստանալուց անմիջապես հետո ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրշեջ հրահանգիչները և հրշեջ-փրկարարական ջոկատներն անմիջապես ժամանեցին դեպքի վայր և սկսեցին իրականացնել ուսումնական պլանով նախատեսված միջոցառումները: Սկսվեց շենքի անձնակազմի տարհանումը, տուժածներին ցուցաբերվեց բժշկական օգնություն: Հրշեջ-փրկարարները շատ արագ բացազատեցին հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված գործիքները շենքում ու դրան հարակից տարածքում և անցան հրդեհաշիջման աշխատանքներին:
Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ հրշեջ-փրկարարները օգտվեցին նաև շենքին հարակից տարածքում գործող ջրամատակարարման համար նախատեսված հորատանցքից, որը հնարավորություն տվեց հրդեհի վայրում ապահովել ինտենսիվ ջրամատակարարում: Բարձր հարկերից տուժածներին հրշեջ-փրկարարները իջեցրեցին հատուկ պարանների օգնությամբ: Դեպքի վայրում գործում էր հրդեհաշիջման շտաբ, որը համակարգում էր հրդեհի մարման ողջ գործընթացը:
Ուսումնավարժության հիմնական նպատակն էր կատարելագործել հրդեհաշիջման առկա փորձը, հաշվի առնելով նաև մշակութահանդիսարանային կազմակերպություններում հրդեհի մարման առանձնահատկությունները: Վարժանքի ընթացքին հետևում էր ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբիելյանը:
ԱԻՆ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը ուսումնական վարժանքից հետո ՓԾ տնօրենի տեղակալ Վ. Գաբիելյանին զեկուցեց ուսումնավարժանքի ավարտի մասին:
Ուսումնավարժանքի արդյունքում հաջողությամբ իրականացվեցին ուսումնական պլանով նախատեսված հրդեհաշիջման և փրկարարական բոլոր աշխատանքները։