Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիվերսիոն հետախուզական գործունեություն իրականացնող խմբերում ներառում է նաև հանցավոր խմբերի, ովքեր ծանոթ են տարածաշրջանին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ' սա Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որն ըստ նախարարի, հստակ կերպով երևաց նաև Քարվաճառում իրականցված դիվերսիոն հետախուզական գործունեության ժամանակ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել և դիվերսիոն խմբի անդամները պատասխան են տալու հայկական օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան: Նախարարը վստահեցնում է, որ հետևելու են գործի ընթացքին մինչև վերջ:

 

«Ադրբեջանը շատ հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը: Սահմանին լարվածություն ստեղծելով' Ադրբեջանը փորձում է քաղաքական և միջազգային հարցեր լուծել, խնդիրներ հարուցելով միջազգային այն կազմակերպությունների համար, ովքեր զբաղվում են ԼՂ հակամարտության խնդրով: Ադրբեջանը չի հասկանում, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն չեն ցանկանում պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրեցին պատերազմ և մեր ժողովուրդը պատվով դուրս եկավ, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա' միակողմանի զիջումներ ունենալու ակնկալիքով»,- ասաց Օհանյանը' հավելելով, որ երկխոսությունն ու վստահության մթնոլորտը միակ ճանապարհն է, որով հնարավոր է ԼՂ խնդիրը հասցնել խաղաղ կարգավորման:

 

Նախարարի գնահատմամբ' բազմաթիվ անհատներ փորձում են գնահատական տալ և խոսել ծառայության թերի կողմերի մասին, սակայն նրանք, ովքեր եղել են սահմանագծի տարբեր հատվածներում և հատկապես Քարվաճառում, գիտեն, որ պայմանները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ փակել սահմանը: «Նման դեպքեր եղել են նախկինում և փառք տանք մեր զինվորիներին, որ կարողացել են հայտնաբերել և վնասազերծել դիվերսանտներին: Քարվաճառի դեպքով քրեական գործ է հարուցվել և այն մինչև վերջ տարվելու է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Պատասխանելով «Արմենպրես»-ի' միջազգային հանրությունից սպասելիքների մասին հարցին' Սեյրան Օհանյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը համամիտ են այն առաջարկություններին, որոնք ներկայացնում է Հայաստանը. այն է' ստեղծել վստահության մթնոլորտ, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից և զերծ մնալ դիվերսիոն հետախուզական գործողություններից: «Մենք դա բազմիցս հորդորել ենք և բոլոր հանդիպումների ժամանակ կոչ արել, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: Բայց մենք գործ ունենք հարևանի հետ, որն այլ կերպ է մտածում և այս պարագայում մենք պետք է մեր սկզբունքները պահպանենք ու արժանի հակահարված տանք խախտումները կանխարգելելու համար»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տար սահմանին կատարված դեպքերին և մատնանշեր այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, նախարարը նկատեց, ԵԱՀԿ ՄԽ-ն հավասարության նշաններ է դնում իր հայտարարություններում, որպեսզի ստեղծված փխրուն իրավիճակը չվերածվի մեծ բախումների:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները:

 

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: