Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շահառու է ճանաչվել 51 անհատ' 34-ը Թուրքիայից և 17-ը Հայաստանից: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հրանտ Դինք» hիմնադրամից, շահառուները հնարավորություն կունենան այցելել հարևան երկիր' իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
«Հրանտ Դինք» հիմնադրամը գործարկել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը' ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ընդլայնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:
Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի նպատակն է 2014թ. մարտից 2015թ.-ի մայիս ֆինանսավորել 200 անհատների այցերը: «Հրանտ Դինք» հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարում է համագործակցելով «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ' Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:
Հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկն ազդարարել է 2014թ. մարտի 10-ին: Առաջին երեք շաբաթների ընթացքում երկու երկրներից ստացվել է ընդհանուր առմամբ 162 հայտ: Առաջին փուլում ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով աջակցություն է տրամադրվել 29 անհատի' 22-ը Թուրքիայից և 7-ը Հայաստանից՝ հարևան երկիր այցելելու համար:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երկրորդ փուլում ստացվել է ընդհանուր առմամբ 224 հայտ երկու երկրից: Հայտերից 103-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված տեխնիկական պահանջներին, տրամադրվել են անկախ ընտրող հանձնաժողովին: Հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից' համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների: