ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հերթական ստուգայցն են կատարել Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հոգեբուժական հաստատություններում և հայտնաբերել ժամկետանց դեղորայք: Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.
«Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ Նախարար Արմեն Մուրադյանի համար:
Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր կողմից բազմիցս բարձրաձայնված և կրկին հնչեցված խնդիրներին: Առանձին պետական մարմինների կարող է թվալ, որ «մեկ փաստ», «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատներն ու առանձին պաշտոնյաների վատ աշխատանքը:
Մեզ պատասխանելիս Առողջապահության նախարարությունը խնդիրներին լուծում չտալը պատճառաբանել էր Նախարարի կարճատև՝ 2 ամիս պաշտոնավարմամբ: Մինչդեռ երկու ամսում կարելի էր լուծել առնվազն հոգեբուժարաններից ժամկետանց դեղերը վերացնելու հարցը: Ավելին, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար պահանջվում է ընդամենը մաքրման համապատասխան աշխատանքների կազմակերպում: Բացի այդ, մի սանհանգույցի կոսմետիկ վերանորոգումը կպահանջի տասն օրից ոչ ավելի ժամանակ և ոչ մեծ ֆինանսներ: Այսպիսով, թվարկված խնդիրների լուծումը կարիք չունի ֆինանսական հատուկ ներդրումների, երկարատև ռազմավարական լուծումների: Դրանք կարող են վերացվել բացառապես հետևողական ու իրական աշխատանքով:
Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գոհունակությունն է հայտնում, որ Առողջապահության նախարարությունն ընդունում է իր մատնանշած խախտումների և թերությունների առկայությունը, և հուսով է, որ նախարարի հանձնարարականները վաղ թե ուշ կկատարվեն»:
Օմբուդսմենի աշխատակազմը հուլիսի 15-ին հայտարարություն էր տարածել, համաձայն որի, «հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են» և այլ: ՄԻՊ հայտարարությանն արձագանքել էր ՀՀ առողջապահության նախարարությունը' խնդրելով մատնանշել բուժհաստատություններում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև ժամկետանց դեղորայքի մասին վկայող փաստեր: