ՀՀպաշտպանության նախարարի հանձնարարականով' անհետ կորած զինվորների ու զինծառայողների ընտանիքմերի անդամները կստանան համապատասխան օգնություն: ՀՀ ՊՆ հատուկ հանձնաժողովը լինում է հանրապետության բոլոր մարզերում, հանդիպում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

 

Այդ առաքելությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հուլիսի 16-ին, Գյումրիում հանդիպեցին մարզի անհետ կորած զինվորների ու կամավորների ընտանիքների անդամների հետ: Մարզում հաշվառված է այդ խմբի 11 զինվոր ու կամավոր և 1 քաղաքացիական անձ:

 

Նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը Գյումրիում կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձարարականով' միջգերատեսչական հանձնաժողովը լինելու է բոլոր մարզերում, ծանոթանալու է անհետ կորածների ընտանիքների խնդիրներին, անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու է բժշկական, հոգեբանական և սոցիալական օգնություն, տարվելու են նաև որոնողական գործընթացին ուղղված որոշակի աշխատանքներ:

 

«Քանի որ հանձնաժողովը միջգերատեսչական է, հանձնաժողովի կազմում կան ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից: Հանձնաժողովը, իր լիազորություններից ելնելով, տեղում լսելու է անհետ կորածի ընտանքի անդամների խնդիրները՝ սոցիալական, առողջապահական, ֆինանսական' փորձելով գտնել լուծումներ: Հանձնաժողովը լինելու է տարբեր մարզերում, այցելելու է այն մարդկանց տուն, ովքեր ունեն առողջական խնդիրներ: Չի լինելու այնպես, որ մենք մեկին ուշադրությունից դուրս թողնենք»,- նշեց փոխգնդապետ Սամվել Ասատրյանը:

 

Նույն օրը, տեղում, բժշկական հանձնաժողովը լսեց ներկաների խնդիրները, փորձեց տրամադրել բժշկական, խորհրդատվական աջակցություն: Տեղում էին նաև Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր ևս ծանոթացան խնդիրներին, որոնք հիմնականում սոցիալական բնույթի էին: Պաշտպանության նախարարության կողմից ընտանիքներն ստացան նաև որոշակի ֆինանսական և սոցիալական աջակցություն:

 

Արմենուհի Մխոյան