Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը խիստ քննադատության է ենթարկել Գազայի նկատմամբ Իսրայելի ռազմական գործողության հարցում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դիրքորոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է սիրիական «Սանա» լրատվական գործակալությունը:
Սիրիայի Նախագահի խոսքով' Գազայում ռազմական գործողությունների հարցում Թուրքիան թույլ եւ անօգնական է Իսրայելի առաջ, եւ Անկարան է բոլոր պայմանները ստեղծել պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործություններ սկսելու համար:
Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություններ է սկսել Գազայում: Իսկ մինչ այդ Իսրայելը սահմանափակվում էր հեռահար ռմբակոծություններով' ցամաքից եւ ծովից:
Իսրայելի կողմից Գազայում ցամաքային ռազմական գործողություններ սկսվելու հետ կապված անհետաձգելի նիստ գումարելու պահանջով Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը, Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհրդին:
Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն' ընդգծելով, որ նման նախաձեռնություններ է սպասում նաեւ այլ երկրներից: Դավութօղլուն դատապարտել է Գազայում Իսրայելի սկսած ցամաքային ռազմական գործողությունները: