Քիչ հավանական է, որ Ֆրանսիան և Գերմանիան համաձայնեն Ռուսաստանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների փաթեթ սահմանելուն: Այս մասին գրում է The Independent պարբերականը՝ վկայակոչելով ֆրանսիացի և գերմանացի դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրներ:


Բրիտանական բարձրաստիճան կառավարական աղբյուրները խոստովանում են, որ եվրոպական այլ երկրների կողմից դիմադրությունը նշանակում է, որ արտաքին գործերի նախարարների՝ Բրյուսելում երեքշաբթի կայանալիք հանդիպմանը նոր պատժամիջոցների փաթեթի կիրառման գործընթացը չի համաձայնեցվի: 

 

Պարբերականը գրում է, որ չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ձգտում է հասնել այն բանին, որ Եվրամիության անդամ երկրները խստացնեն Մոսկվայի նկատմամբ արդեն գործող պատժամիջոցները, ինչպես նաև պատժիչ միջոցներ կիրառեն Ռուսաստանի տնտեսության պաշտպանական հատվածի դեմ, սակայն այս անգամ վարչապետի կարծիքը կիսողների թիվը բավականին քիչ է:

 

Փարիզն ու Բեռլինը, իրենց հերթին, մտավախություն ունեն, որ Մոսկվայի նկատմամբ անհապաղ ծրագրվող լրացուցիչ պատժամիջոցները, կարող են լինել անարդյունավետ և կանխել, մասնավորապես, Ռուսաստանի հետ մալայզիաական օդանավի վթարի հետաքննության հարցով համագործակցությունը: «Պատժամիջոցները նպատակին հասնելու միջոց են, բայց ոչ ինքնանպատակ»,- հայտնել է Գերմանիայի դիվանագիտական աղբյուրը: