Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մռավ լեռան վրա տեղակայված զորմասերից մեկի զինվորը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվոր Փոլադ Մալիք օղլու Բայրամլըն «կրակել է ինքն իր վրա»' իրեն ամրակցված ավտոմատ զենքից: Նրան տարել են հոսպիտալ: Ներկայում զինվորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Կատարվում է հետաքննություն:
Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա: Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ի սկսբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 51 զինծառայող, որոնցից 41-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 98 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: