Կարսի բերդ այցելած հայ զբոսաշրջիկները պարզել են Հայատանի դրոշը եւ երգել ՀՀ օրհներգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, հայ զբոսաշրջիկների այս քայլն իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Թուրքական, այսպես կոչված, «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կառույցի ղեկավար Գյոքսալ Գյուլբեյը իշխանություններին կոչ է արել հետեւել Թուր քիա այցելող հայերի գործողություններին եւ սահմանափակել դրանք: Մի շարք քաղաքացիներ էլ դժգոհել են, որ հայերը Թուրքիայում ծածանել են իրենց եռագույնը եւ երգել Հայաստանի օրհներգը:

 

Թուրք ազգայնականը հայտնել է, որ հայերն արեւելյան Անատոլիան անվանում են Արեւմտյան Հայաստան, ինչի մասին նշված է նաեւ Հայաստանի անկախության հռչակագրում: Նա հայտարարել է, որ Թուրքիա այցելող հայերը «սադրիչ գործողություններ» են կատարում, եւ մեղադրել Հայաստանի իշխանություններին ու Սփյուռքի նախարարությանը' նմանօրինակ գործողություններին իբրեւ աջակցելու համար:

 

«Հայերը Կարսի բերդում պարզել են Հայաստանի դրոշը եւ երգել օրհներգը: Նույնը նրանք արել էին նաեւ Վանի Աղթամար կղզում: Ինչո՞վ են զբաղված անվտանգության ուժերը», -հարցադրել է ASIMDER-ի առաջնորդը եւ սպառնացել, որ հետամուտ է լինելու թուրքական պատասխանատու մարմիններին պատժելու հարցում:

 

Թուրք ազգայնականը զգոնության կոչ է արել իշխանություններին եւ հայտարարել, որ հայկական լոբբիստկան ուժերը պատրաստվում են 2015 թվականի շեմին Թուրքիայի տարածքում սադրիչ եւ քայքայիչ գործողություններ իրականացնել: