Երեկ՝ հուլիսի 23-ին, Յուքոմ ընկերության՝ Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը խափանվել է: Այս կապակցությամբ ընկերությունը տարածել է հայտարարություն, որում մատնանշել է խափանման պատճառները և ներողություն խնդրել բաժանորդներից: Յուքոմ ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Այսօր (երեկ.-խմբ)՝ ժամը 20.20 սահմաններում Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Յուքոմ ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել է, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը:

 

Շնորհիվ պահուստային գծերի մեր ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի հանրապետության տարածքում այժմ Յուքոմ ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։

 

Յուքոմն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի վաղը առավոտյան:

 

Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»: