ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրախ է Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր ներդրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հնչած այն դիտարկմանն ի պատասխան, թե կառավարությունը շահագրգռված չէ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի առաջարկած' «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագրով, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Աշխատում են:

 

Մենք Էներգետիկայի նախարարի հետ պայմանավորվել ենք, որ հանդիպեն, քննարկեն: Ես յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ եմ ու ողջունում եմ Հայաստանում իրականացվող ներդրումները յուրաքանչյուր ոլորտում, որը մեր տնտեսության զարգացման համար կարևոր է»:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես պետք է Ռուսաստանին վերադարձվի գազի դիմաց 300 միլիոն դոլարի չափով պարտքը, վարչապետը նշեց, որ հանձնաժողովը քննարկում է հարցը:

 

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ»-ի վերագործարկման իր ծրագիրը: Աշոտ Գրիգորյանը նամակով դիմել է վարչապետին, կառավարությունն էլ առաջարկել է «Նաիրիտ»-ի վերականգնման հնարավորությունները փնտրել Մոսկվայում: