ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է 2007 թվականից գործող բրիտանական Plant for Peace (Աճեցում հանուն խաղաղության) նախաձեռնության հիմնադիր Ջեյմս Բրեթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ջեյմս Բրեթը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը' առավել հանգամանորեն անդրադառնալով Աֆղանստանում կատարվող աշխատանքներին:
Նախաձեռնության շնորհիվ ստեղծվել են պտղաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսկան կոոպերատիվներ, և նրանց կողմից արտադրված հումքը վերամշակելուց և փաթեթավորելուց հետո, Plant for Peace-ի օժանդակությամբ իրացվել է տարբեր երկրներում: Արդյունքում բարձրացել է ֆերմերների զբաղվածության մակարդակը և ավելացել նրանց եկամուտները:
Նախարար Սերգո Կարապետյանը, բարձր գնահատելով այդ նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները, հնարավոր և իրատեսական է համարել Հայաստանում նույնպես նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը' նկատի ունենալով, որ ֆերմերային կոոպերատիվների ստեղծումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկն է:
Որպես ծրագրի սկիզբ՝ կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին կնքել փոխըմբռման հուշագիր, որում կարտացոլվեն ծրագրի ընդհանուր ռազմավարությունը, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև ֆինանսական միջոցների ձեռքբերման ուղղությունները:
Plant for Peace նախաձեռնության նպատակն է հակամարտությունների և հետհակամարտային տարածքներում աջակցել գյուղացիական համայնքներին և փոքրածավալ ֆերմերային տնտեսություններին' պարենային ապահովության և կայուն տնտեսական զարգացման խնդրում, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում: