Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կողմ է համայնքների խոշորացմանը և կարծում է, որ հասարակությունը դրանով կարող է միայն շահել:

 

«Մինչև մարզպետ նշանակվելը, եղել եմ մասնագիտական փորձագիտական խմբի անդամ, որը նախապատրաստել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզի խոշորացման տեսլականը և մեթոդաբանությունը, որով կարող է այդ գործընթացն իրականացվել: Իհարկե, դա պայմանականորեն ստացել է խոշորացում անվանումը, բայց այդ բարեփոխումները միտված են ամրապնդելու տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունը»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:

 

Վերջինիս խոսքով՝ այսօր բավականին մեծ թվով համայնքներ կան, որոնց բնակչության փոքր թիվը, ֆինանսական միջոցների սղությունը և փոքր տարածքները թույլ չեն տալիս, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով իրենց վերապահված ողջ ծավալով գործեն և հանրային ծառայություններ մատուցեն:

 

«Այս բարեփոխումները միտված են ամրապնդելու տեղական ինքնակառավարման կարողությունները: Կառավարության արձանագրային որոշման մեջ արդեն ամրագրված է, թե ինչ հիմնական սկզբունքներով պետք է իրականացվի համայնքների խոշորացումը. դա բնակավայրերի՝ իրար մոտ լինելու, մշակութային ընդհանրությունների, ընդհանուր ենթակառուցվածքների առկայության հանգամանքներն են և այլն: Դրանից, կարծում եմ՝ հասարակությունը միայն կարող է շահել, քանի որ շատ դեպքերում մեր տեղական ինքնակառավարման մարմիններն ի վիճակի չեն լիարժեք հանրային ծառայություններ մատուցել»,- ասաց մարզպետը: