Արցախի Հանրապետությունը երկրի համար ռազմավարական ուղղությունների շնորհիվ տարեցտարի ապահովում է տնտեսական աճի բարձր տեմպեր և բյուջետային եկամուտների ավելացում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Times.am-ի առցանց հարցուպատասխանի շրջանակում:
-Որո՞նք են Արցախի տնտեսության առաջնահերթությունները և որքանով դրանք կապ ունեն ՀՀ-ի տնտեսական առաջնահերթությունների հետ:
Կարևոր ռազմավարական ուղղությունները մենք միշտ նշում ենք, դրանք են՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն, այսօր արդեն նաև թեթև արդյունաբերություն և ծառայություններ: Սրանք են մեր հիմնական ուղղությունները, պոտենցիալը կա, աշխատանքներ տարվում են և արդյունքում արձանագրում ենք տնտեսական աճի բարձր տեմպեր, որն ապահովում է բյուջետային եկամուտների ավելացում տարեցտարի:
-Ինչի՞ հետ է կապված արցախցիների հիմնական դժգոհությունը:
Կառավարությունից միշտ էլ կլինեն դժգոհություններ, հիմնական և ամենաշատ դժգոհությունը սոցիալական խնդիրների չլուծման պատճառով է: Բազմաթիվ դիմումներ ենք ստանում բնակարանային պայմանների բավարարման, լուծման և դրանց գերակշիռ մասը սոցիալական խմբեր, որոնք ակնկալում են իշխանությունից խնդրի լուծում և կարճ ժամանակահատվածում՝ շատ ժամանակ չգիտակցելով, թե դա ինչ մեծ ծախսերի հետ է կապված, ինչու չէ կան այլ բողոքներ, որ միշտ չէ կադրերի ընտրությունն արդարացի կատարվում, փորձում ենք մեր աշխատանքի ընթացքում, մեր հնարավորության սահմաններում լուծում տալ կամ խուսափել նման իրավիճակից:
Կառավարությունը գործող մարմին է, ուստի և սխալներ, և թերություններ ունի, այդ քննադատությունների մի մեծ մասը գալիս է դրանից, մի մասը, որ մարդկանց սպասումներն ավելի շատ են, քան մեր հնարավորությունները: Չեն բավարարվում մեր կողմից իրականացվող սոցիալական և ընդհանուր պետական քաղաքականության գործունեությունից և դժգոհություններ ձևավորվում են:
-ՀՀ-ում որոշել են թանկացնել էլեկտրաէներգիան, Արցախում գիտեմ նույնպես, իհարկե, այս դեպքում սուբսիդավորում կա: ՀՀ իշխանություններն այսպես ասած՝ բեռի թեթևացման այլ տարբերակ են ընտրել՝ որպես փոխհատուցում էլեկտրաէներգիայի սակագնի ավելացմանը, ընտանեկան նպաստները կավելանան 1.000 դրամով: Ըստ Ձեզ՝ ճի՞ շտ է ընդամենը 1000 դրամով աջակցությունը, այն էլ որոշակի հատվածի միայն:
Նախ ես չեմ ուզում գնահատական տալ, թե ինչքանով է այդ 1000 դրամը բավարար կամ ՀՀ կառավարությունն ինչպիսի սոցիալական քաղաքականություն է իրականացնում: Սոցիալական խոցելի խավերի համար ՀՀ-ում գործում է սոցիալական նպաստ և այդ նպաստի չափը հաշվում են ելնելով պետական հնարավորությունից և այդ սոցիալական թիրախի հաշվարկն ունենալուց հետո, սա չմեկնաբանենք:
-Ձեզ չի՞ մտահոգում ՀՀ-ում արտագաղթի տեմպերի աճը, երբ այն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը:
Իհարկե, բոլորին է մտահոգում՝ ոչ միայն ինձ, արցախցի մեր քաղաքացիներին, ՀՀ իշխանությանը, ՀՀ քաղաքացիներին, այլ մեր Սփյուռքի բոլոր բարեկամները ևս մտահոգված են արտագաղթի առումով: Պետք է ընդամենը շատ աշխատել, շատ աշխատանք տանել, մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ ՀՀ-ում, Արցախում ապրելու համար:Դրա համար պետք է ստեղծել աշխատանքի հնարավորություն, ունենալ բավարար աշխատավարձ, ինչպես նաև մնացած երաշխիքները, որոնք մեր քաղաքացիներն այսօր պահանջում են:
-ՀՀ կառավարությունը փոխվեց, նախկին վարչապետի հետ դուք մտերի՞մ էիք...
Ես ՀՀ բոլոր պաշտոնյաների հետ լավ, ջերմ հարաբերություններ ունեմ: Հնարավոր չէ ՀՀ պաշտոնյաների, ընդ որում՝ ոչ միայն վարչապետերի, նախարարների, այլ բոլոր պաշտոնյաների հետ չլինեն ընկերական հարաբերություններ: Եվ գործող վարչապետի հետ մենք ունենք բացի աշխատանքային ջերմ հարաբերություններից, շատ ավելի ջերմ ընկերական հարաբերություններ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձգձգվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը:
Այս հարցի վերաբերյալ ՀՀ իշխանությունները բազմաթիվ անգամ պատասխանել են, երևի տեխնիկական խնդիրներ կան:
-Ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ, հայկական դիվանագիտությունը, կարծիքներ կան, որ այն ձախողված է:
Սովորական աշխատանք է կատարվում իր լիազորությունների շրջանակում:
-Բանակցային սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղանին, կհամաձայնի՞ դրանց շուրջ բանակցել:
Ես նշել եմ Արցախի դիրքորոշումը, իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են, այն, ինչ մենք լսում ենք և լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից, համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից: Չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի և համոզված եմ՝ երբ որ վերջում նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի իշխանությանը, բնակչությանը, որևէ դրական արձագանք կարող է ստանալ:
-Վերջերս Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե մեզ համար ցավոտ թեմա է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Ինչո՞վ եք այն բացատրում՝ վտանգը մո՞տ է պատերազմի վերսկսման կամ փոխզիջումների միակողմանի պարտադրանք կա՞:
Չեմ գտնում, որ հավանականությունը բարձրացել է, վտանգը մեծ է, բայցև ոչ մի ժամանակ մենք չենք բացառել պատերազմը՝ սկսած զինադադարի հաստատումից հետո և հաջորդ օրվանից մենք պատրաստվում ենք նոր պատերազմի: Բազմաթիվ թևավոր խոսքեր, մեծերի խոսքեր կան՝ եթե ուզում ես ունենալ երկարատև խաղաղություն, պետք է մշտապես պատրաստ լինել պատերազմի, պետք է մշտապես զգոն լինել, մենք առաջնորդվում ենք այս սկզբունքով:
-Եվ վերջին հարցը՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հարցազրույցներից մեկում չբացառեց նախագահի թեկնածու լինելու փաստը, դուք այս մասին մտածո՞ւմ եք:
Ես այսօր մտածում եմ մեր երկրի խաղաղության պահպանման և տնտեսության զարգացման մասին: