Ուկրաինայի իշխանությունները մտադիր են աշխարհազորայինների կողմից վերահսկվող քաղաքների նկատմամբ հսկողությունը վերադարձնել «քաղաքական գործընթացների միջոցով» եւ պատրաստ են տարածաշրջաններին տրամադրել «շատ ավելի մեծ ազատություն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

 

Հուլիսի 29-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրներ, հաղորդել Էր, որ Ուկրաինայի ուժայիններն արեւելքում մարտական գործողությունների ընթացքում սկսել են օգտագործել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: Դա ամենաավերիչ զենքն Է, որը մինչ այժմ կիրառվել Է հակամարտության մեջ: Վերջին ժամանակներս Դոնեցկ, Լուգանսկ եւ Գոռլովկա քաղաքներն ամենաթեժ կետերն են դարձել. դրանք պարբերաբար ենթարկվում են գնդակոծումների:

 

«Մենք հարվածներ չենք հասցնելու այդ քաղաքներին»,-հայտարարել Է Կլիմկինը, խոսելով Դոնեցկի ու Լուգանսկի մասին, որոնք այժմ գտնվում են աշխարհազորայիների վերահսկողության ներքո: Նա նշել Է, որ, վերջին հաշվով, միայն քաղաքական որոշումը կնպաստի հակամարտության կարգավորմանը երկրի արեւելքում: ԱԳ նախարարի խոսքով՝ Կիեւի իշխանությունները քաղաքների նկատմամբ հսկողություն կհաստատեն «ոչ թե քաղաքները գնդակոծելու, այլ քաղաքական գործընթացների միջոցով»:

 

Նա նաեւ պաշտպանել Է երկրի արեւելքում հակամարտության կարգավորման հարցերին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելը եւ հայտարարել, որ Կիեւը պատրաստ Է տարածաշրջաններին տրամադրել «շատ ավելի մեծ ազատություն»: Կլիմկինն ասել Է, որ խորհրդաժողովի անցկացման հարցն ինքը նախօրյակին քննարկել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ իր հանդիպման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: