ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 30-ինաշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված զորամասերում: Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում անձնակազմի համար կառուցված նոր զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Շնորհավորելով զորամասի զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ զորանոցի բացումը խթան կհանդիսանա նոր ուսումնական փուլում զորամասի առջև դրված խնդիրներն առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորել է նաև չմոռանալ, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ զինված ուժերի մարտունակությունը:

 

Շրջելով ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող և անհրաժեշտ գույքով կահավորված նորակառույց շինության տարածքում' Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումնական պայմանները:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային այցի հաջորդ կանգառը զորամասի զինավանում էր, որտեղ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովման գործընթացի շրջանակում բնակարանամուտ են տոնել զորամասի 10 զինծառայողներ:

 

Շնորհավորելով բնակարանամուտի կապակցությամբ' Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ու ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և հնարավորության սահմաններում արվում է առավելագույնը, որպեսզի զինծառայողներն իրենց թիկունքում մշտապես զգան պետական հոգածությունը, զերծ լինեն կենցաղային խնդիրներից և բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

 

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված ևս մի քանի զորամասերում, տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ճշտել է կառուցվող շինությունների շահագործման վերջնաժամկետները:

 

Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը ստուգել է նաև զորամասերի ուսումնանյութական բազան, տեխնիկական հագեցվածությունը, հետևել է սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման տարածքներում ընթացող աշխատանքներին: Սեյրան Օհանյանը աշխատանքներն առավել խորքային և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարությանը: