«Դեղերի մասին» նոր օրենսդրական փաթեթով պետությունը կարող է ներազդել դեղորայքի գնի որոշման վրա: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն' օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Այս տարվա մարտին ՀՀ Նախագահը առողջապահության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հստակ հանձնարարական էր տվել դեղերի ոլորտում համապատասպան բարեփոխումներ իրակա նացնելու համար, որով պետք է վերահսկել դեղերի որակն ու ապահովել մատչելիությունը:

 

Հուլիսի 31-ին կառավարություն ենք ներկայացրել մեր կողմից մշակված «Դեղերի մասին» օրենքի նախագիծը, որը հստակ կանոնակարգում է դեղերի շրջանառությունը' սկսած արտադրումից, գրանցումից, ներմուծումից, վերջացրած մեծածախ ու մանրածախ վաճառքով. մասնավորապես, լիցենզավորման մասին է խոսքը: Օրենքի նախագծով բարձրացվել է դեղատների նկատմամբ պատասխանատվության չափը' չգրանցված դեղորաքի շրջանառության առնչությամբ:

 

Նաև նոր օրենքում հստակ երևում է, որ պետությունը կարող է նե րազդել դեղորայքի գնի վրա: Խոսքը վերաբերում է հիմնական փաթեթին' 326 անուն դեղորայքի, որոնք գրավում են դեղերի շուկայի շուրջ 40 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարար Մուրադյանը' հավելելով, որ դա զարգացած երկրներում ընդունված մեխանիզմ է, երբ պետությունը ուղղակիորեն միջամտում է շուկայի պայմաններին ու սահմանում դեղորայքի գների վերին շեմը:

 

Նրա խոսքով' առկա է նաև դեղերի դրոշմապիտակավորման խնդիրը, որպեսզի դրանով առավել խստորեն վերահսկվի դրանց շրջանառությունը:

 

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ օրենքի նոր նախագիծը հանրային քննարկումներից, մասնագիտական վերլուծություններից հետո կմտնի Ազգային ժողով, որտեղ ընթերցումների ժամանակ կբարձրացվեն խնդիրները, որոնք լուծում կստանան: