ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առողջապահության ոլորտում իրականացվող ստանդարտացման ծրագրի արդյունքում ակնկալում է ոլորտային մի շարք բարեփոխումներ: «Ակնկալում ենք կոռուպցիոն ռիսկերի նվազում, ավելի ղեկավարելի համակարգ, ֆինանսավորման հստակ ձևավորված մոտեցումներ առավել ևս սուղ պայմաններում, որակի վերահսկողություն' հնարավորինս պակասեցնելով սուբյելտիվ գործոնը»,- ասուլիսին նշեց Արմեն Մուրադյանը' հավելելով, որ մոտեցումների, գործողությունների, գնագոյացման չափագրումը խիստ պահանջ ու մարտահրավեր է ողջ աշխարհում:

 

Խոսելով իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում կատարած աշխատանքների մասին' նախարարը նշեց, որ դրանք հիմնականում ուղղված են եղել նոր կառավարության ծրագրի ու Նախագահի հստակ հանձնարարականների վրա: «Այս ընթացքում իրականացված աշխատանքները մեզ թույլ են տվել մատնանշել այն խնդիրները, որոնք ծառացած են առողջապահության ոլորտում, դասակարգել դրանք, գտնել դրանց լուծման ուղիներ: Այդ խնդիրները քննարկվել են նաև շահագրգիռ կողմերի հետ:

 

Հանձնաժողով է ձևավորվել, որը զբաղվել է Հանրային առողջության մասին օրենքի խմբագրումով: Այդ օրենքը մեծ նշանակություն ունի, քանի որ առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն չէ, որ կարողանանք ճիշտ ժամանակին բուժել, այլ առողջ պահել, այսինքն' առողջապահություն, ոչ թե հիվանդաբուժություն: Սա այն սկզբունքն է, որը մենք կարմիր գծով անցկացնելու ենք մեր բոլոր որոշումներում»,- հավաստեց նախարարը:

 

Նրա տեղեկացմամբ' կառավարություն է ներկայացվել Առողջ ապրելակերպի հայեցակարգը, որում նշված են այն հինգ հիմնական ռիսկի գործոնները, որոնք պատճառ են հանդիասնում ոչ ինֆեկցիոն ճանապարհով մահացության 90 տոկոս դեպքերի համար: Մշակվել է դրանց դեմ պայքարի միջոցառումների ցանկը: «Մասնավորապես, ալկոհոլի, ծխելու, սխալ սննդակարգի, նստակյաց կյանքի ու դրա հետևանքով զարգացող զարկերակային բարձր ճնշման համախտանիշին է անդրադարձ կատարվել, որը շատ արդիական է ներկայում:

 

Հանրային առողջության բաժնում մենք իրականացրել ենք իմունականխարգելման լայնածավալ աշխատանքներ: Առաջին անգամ Պաշտանության նախարարության հետ իրականացրել ենք զորակոչիկների պատվաստումները, որոնք բարեհաջող են անցել. մեկ դեպք է գրանցվել, որ հիվանդանոցային բուժման կարիք է զգացվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Արմեն Մուրադյանը:

 

Նախարարի խոսքով' հուլիսի 1-ից զգալիորեն բարձրացել է բուժաշխատողների աշխատավարձը: «Բժիշկների ամսական բազային աշխատավարձը կազմել է 166.5 հազար դրամ, իսկ բուժանձնակազմինը' 75 հազար դրամ: Բացի այդ, տեղամասային սկզբունքով աշխատող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները և նրանց բուժքույրներն ունեն ամսական մինչև 15 հազար դրամի չափով խրախուսական վարձատրման հնարավորություն' հաշվի առնելով նրանց կատարած աշխատանքի որակը և ծավալը:

 

Բուժանձնակազմի համար նախատեսվում են նաև օրենքով սահմանված հավելումներ աշխատանքի վտանգավոր պայմանների, լ եռնային և բարձր լեռնային գոտում աշխատանքի համար, որի արդյունքում բժիշկների աշխատավարձը կտատանվի 166.5-216.4 հազար դրամի շրջանակում»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը:

 

Անդրադառնալով մարզային առողջապահական հաստատությունների շինարարությանը' նախարարը նշեց, որ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում նախորդ եռամսյակում 21 բուժկենտրոններ վերազինվել են նոր կահույքով ու սարքավորումներով: «Շարունակվում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրիի, Վանաձորի հիվանդանոցների շինաշխատանքները, գյուղական մի շարք բնակավայրերում ամբուլատորիաների կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները:

 

Ավարտվել է Գյումրու պաթանատոմիական լաբորատորիայի նոր շենքի կառուցումը»,- նշեց նախարարը' հավելելով, որ ՀՀ Նախագահի անմիջական վերահսկողության ներքո են իրականացվում Ուսուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ու Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր երկհարկանի մասնաշենքի կառուցման աշխատանքները:

 

Վերապատրաստվել են երեք հարյուրից ավելի բուժաշխատողներ' 200-ը' Հայաստանում, 112-ը' արտասահամնում: