Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը իր պատրաստակամությունն է հայտնում ստորագրելու համատեղ երկկողմ հուշագիր դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

 

Երկկողմ հուշագիրը օգոստոսի 1-ից բաց է և պատրաստ ստորագրման: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Այս փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը' որդեգրելով բաց և թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք:

 

Այն կնպաստի բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Փոխըմբռնման հուշագրով կկարևորվի նաև դեղերի շրջանառությունը արդի միջազգային չափանիշներին և կանոններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:

 

Փաստաթղթի ստորագրումը ենթադրում է Հայաստանում դեղային քաղաքականության, դեղերի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության, իրավական այլ ակտերի անվերապահ իրականացմանն ուղղված միջոցառումներ։ Համագործակցությունը կնպաստի նաև տեղական դեղ արտադրողների պատշաճ արտադրական գործունեության ստանդարտների ընդունման աջակցմանն ու խրախուսմանը, տեղական դեղերի արտադրության խթանմանն ու ընդլայնմանը, շրջանառվող դեղերի որակի, արդյունավետության, անվտանգության և մատչելիության ապահովմանը, կեղծ, չգրանցված, ոչ օրինական ճանապարհով ներմուծված դեղերի շրջանառու թյան կանխարգելմանը և բացառմանը:

 

Ցանկացողները հուշագրի ամբողջական տեքստին կարող են ծանոթանալ' դիմելով ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն: