Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է թաղված լինել Ստամբուլում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Beyaz TV հեռուստաալիքը, Էրդողանը հայտարարել է օգոստոսի 10-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ Ստամբուլի Մալթեփե շրջանում կազմակերպված միտինգի ժամանակ:
Թուրքիայի պետական օրհներգից հատված արտասանելուց հետո Էրդողանը միտինգի մասնակիցների առաջ հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ:
«Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Եթե Ալլահը կամենա' ես ցանկանում եմ թաղվել իմ ծննդավայր Ստամբուլում: Այս քաղաքում թաղվելն իմ մեծագույն ցանկությունն ու ամենամեծ կտակն է», -ասել է նա:
Թուրքիայի նախագահի պաշտոնի համար Էրդողանի հետ մրցում են ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և մոտ 20 մլն թուրքաբնակ քրդերի թեկնածու Սալահետդին Դեմիրթաշը: Թուրքական կարծիքի հետազոտական կենտրոնները հայտնում են, որ ընտրություններում հաղթելու ամենամեծ հվանականությունը Էրդողանինն է: