Հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարված իրավիճակի հիմնական մեղավորը Ադրբեջանն է, որ սովորաբար քաղաքական կարեւորագույն միջոցառումներից, հանդիպումներից առաջ լարված իրավիճակ է ստեղծում եւ փորձում ազդեություն ստեղծել միջազգային կառույցների, Հայաստանի եւ սեփական հանրության վրա, ռազմատենչ գործողություններով փորձում բարձրացնել իրենց զինված ուժերի մարտական ոգին: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարելով այս մասին' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ օգոստոս 8-9- ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ եւ հետո էլ հակառակորդը կպահպանի լարված իրավիճակը: Նախարարը քիչ հավանական է համարում, որ երկու երկրների նախագահների հանդիպումից հետո հակառակորդը կպահպանի հրադադարի ռեժիմը եւ սադրանքների չի դիմի:

 

Լավ ճանաչելով հակառակորդին եւ նրա դիրքորոշումը' նախարարը փաստում է, որ հայկական եւ ղարաբաղյան զինված ուժերի հիմնական առաքելությունը ոչ միայն անվտանգության պահպանումն է, այլեւ ավելի կատարելագործվելու, մարտունակության բարձրացման ցանկությունը, որի շնորհիվ սահմանին զինվորն ամուր է կանգնած ' պատրաստ դիմակայելու հակառակորդի ցանկացած գործողության եւ հակահարվածների:

 

«Միաժամանակ, մենք կարծում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար տարվող ցանկացած հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու եւ կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին: Երկխոսությունն է այն պայմանը, որի առկայությամբ կարող ենք ստեղծել հնարավորություն, որ համապատասխան ընթացք տանք հակամարտության քաղաքական լուծմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սեյրան Օհանյանը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 2-ին Գավառ կատարած աշխատանքային այցելության ժամանակ հայտարարեց, որ օգոստոսի 8-9 ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ու հույս հայտնեց, որ հանդիպումը կթուլացնի սահմանում ստեղծված լարված իրավիճակը: