Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը համոզված է, որ Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպումից հետո էլ Ադրբեջանը չի դադարեցնելու լարված պահել իրավիճակը սահմանին: «Հայկական կողմի խնդիրն առավել զգոն լինելն ու հնարավորության դեպքում համարժեք պատասխան տալն է: Ադրբեջանցիները որդեգրել են այնպիսի մարտավարություն, որ թեպետ իրենք պատրաստ չեն լայնածավալ գործողությունների, բայց փորձում են անընդհատ հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Այդ ճնշումը ոչ միայն տեղեկատվական դաշտում է, նաև ռազմադաշտում: Այսինքն' նրանք, չնայելով իրենց կորուստներին, չնայելով, որ միշտ պատասխան են ստանում ու ավել ուժեղ պատասխան, փորձում են լարվածության մեջ պահել թե սահմանապահ բնակչությանը, թե դիրքերում կանգնած մեր զինվորականներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով' Ադրբեջանը փորձում է փոխանցել ուղերձը, որ, եթե հանձնեք Ղարաբաղը, Հայաստանի բոլոր պրոբլեմները կվերանան: «Իրականում, դա, իհարկե, այդպես չէ, քանի որ հող հանձնելով հող չեն պաշտպանում, այդ նույն պրաբլեմները կսկսվեն նոր գծի վրա: Պետք է հասկանանք, որ դա հոգեբանական ճնշում է ու դրա շրջանակներում
պետք է զգոն լինենք»,-շեշտեց փորձագետը:
Կարեն Վրթանեսյանը բնական համարեց մարդկանց շրջանում պատերազմի վերսկսման նկատմամբ վախի տարբեր դրսևորումները, որոնք հատկապես արտահայտվում են կենցաղային խոսակցությունների մակարդակում: «Վախի զգացումը բնական է այն ծնողների մոտ, ում երեխաները ծառայում են բանակում կամ պիտի ծառայեն, բնական է, որ արբեջանցիների թիրախում նաև այդ մարդիկ են, որոնք անընդհատ փորձելու են իրենց ապատեղեկատվությամբ ճնշումը մեծացնել:
Դրա համար մեր լրատվամիջոցները պետք է շատ զգույշ լինեն նման թեմաները լուսաբանելիս»,-ասաց քարոզչության ոլորտի հետազոտողը' ավելացնելով, որ Ադրբեջանը գործում է պատերազմող թշնամի երկրի պես:
Կարեն Վրթանեսյանի համոզմամբ'Ադրբեջանի քաղաքականության գինը վճարում են, առաջին հերթին, հասարակ ադրբեջանցիները, ում երեխաները դառնում են որդեգրված քաղաքականության զոհը: Անդրադառնալով ադրբեջանական ապատեղեկատվությանը, թե իբր վերջին օրերին հայկական կողմը մեծ թվով կորուստներ է տվել' Կարեն Վրթանեսյանը նշեց, որ դրանով նրանք փորձում են պատասխանել ժամանակ առ ժամանակ ադրբեջանական հասարակությունում բարձրացվող հարցին, թե ինչու ահռելի գումաները, որ ուղղվում են բանակին, արդյունք չեն տալիս: «Ադրբեջանն ինչպես է լուծում այդ հարցը, ինչպես է պատասխանում իր հասարակությանը. նրանք, պարզապես, հայերի
ֆանտաստիկ թվով կորուստների մասին են հայտարարում, որը ներքին սպառման, ներքին լսարանի համար է. դրանով փորձում են մեղմել պարտությունը»,-հայտնեց նա:
Կարեն Վրթանեսյանի համոզմամբ' ստեղծված իրավիճակում ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի արդյունավետ ռազմավարությունը ներքին ու արտաքին լսարանում ճշմարտությունը չթաքցնելն է: «Անգամ երբ որևէ կորստի մասին տեղեկատվությունը ուշանում է, դա մեզ համար վատ է: Երբ մենք օբյեկտիվ ինֆորմացիա ենք տալիս, նույն ադրբեջանցիները մեզ մոտ են փնտրում այդ տեղեկատվությունը: Նույնը ճիշտ է նաև արտաքին լսարանի համար, որքան ավելի ստույգ ինֆորմացիա տանք, այնքան ավելի հակված կլինի չեզոք ընթերողը գալ մեր տեղեկատվության հետևից»,-ընդգծեց Կարեն Վրթանեսյանը: