Հայաստանի կառավարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օգնություն ցուցաբերել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում օգոստոսի 6-ին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կառավարությունը բարձր է գնահատում բարերարի ջանքերը Արցախի զարգացման գործում: «Մենք գնահատում ենք Լևոն Հայրապետյանի բարեգործությունը և այն, որ նա մշտապես օգնել է Արցախին: Թեև մեր լիազորությունների շրջանակն այս պարագայում մեծ չէ, սակայն մենք փորձում ենք օգնել նրան: Դա մեր պարտականությունն է»,- հայտնեց վարչապետը:
Խոսելով այս հարցի առնչությամբ նախկինում կոշտ արտահայտվելու մասին' Աբրահմայանն ասաց, թե իր կոշտ պատասխանը պայմանավորված էր նրանով, որ հարցը հնչեցնող լրագրողը մեղադրական տոնով էր արտահայտվել իր հասցեին: «Իմ կոշտ պատասխանն ուղղված էր լրագրողին, ոչ թե Լևոնին»,- պարզաբանեց Աբրահամյանը:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ենթադրվում է, որ ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին: