Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հետ քննարկել է սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ստեղծված լարված իրավիճակի հետ կապված ներքին տեղահանություններին վերաբերող հարցեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են գտնվել մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը: Ողջունելով հյուրին՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ իրավիճակը սահմանամերձ հատվածում ամբողջությամբ վերահսկվում է: ՀՀ վարչապետի, կառավարության անդամների հետ մի քանի անգամ եղել են սահմանամերձ գյուղերում, հանդիպել բնակչության հետ: Ժողովուրդը համոզված է, որ իր կողքին ունի հզոր բանակ և չի վախենում ապրել իր տանը: Իսկ ովքեր ցանկացել են ժամանակավորապես իրենց երեխաներին դուրս բերել ավելի ապահով՝ թիկունքային համայնքներ, նրանց թիվը մեծ չէ, օգնել են վառելանյութով, տրանսպորտով:
Պարոն Բիրվիրթը նշել է, որ ՄԱՓԳՀ-ն ոչ քաղաքական կազմակերպություն է, և նրա գործունեությունը զուտ մարդասիրական է, իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գլխավոր մանդատը փախստականների, ներքին տեղահանված և այլ տեղահանված անձանց պաշտպանությունը և նրանց իրավունքների ու բարեկեցության ապահովումն է:
Նա նշել է, որ Տավուշի մարզ կատարած այցի նպատակն է հանդիպել տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության հետ, լսել նրանց խնդիրները և հնարավորինս աջակցել: Առիթն օգտագործելով՝ Բիրվիրթը ան դրադարձել է նաև Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց պաշտպանության հարցին, նաև Տավուշի մարզում նրանց բնակությամբ ու աշխատանքով ապահովմանը: