Էլեկտրաէներգիայի նոր սակագների վերանայման վերաբերյալ Կառավարությունը հարց չի քննարկել, և մոտակա 1-2 տարվա ընթացքում սակագնի բարձրացումներ չեն սպասվում: Այս մասին «Երևան ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

Նրա խոսքով, սակայն, էներգահամակարգի ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարդ է, ինչը նախարարությանը մտահոգության տեղիք է տալիս: «Այս տարվա մայիսի դրությամբ համակարգի միայն պետական ընկերություններում առկա են 136,9 մլրդ դրամի վարկային պարտավորություններ, որից շուրջ 129 մլրդ դրամը երկարաժամկետ բյուջետային վարկեր են:

 

Դեպիտորական պարտքերը կազմ ել են 35 մլրդ դրամ, իսկ տարվա կտրվածքով համակարգի ձեռնարկությունների վնասը' շուրջ 10,4 մլրդ դրամ: Ներկայում այդ խնդիրների լուծման համար մշակվում է «Ֆինանսական առողջացման ծրագիր», որը պատրաստ կլինի մեկ շաբաթից: Ծրագրում ներկայացված են տարբեր մոտեցումներ' ընդուպ մինչև շատ ցածր տոկոսադրույքով վարկերի ներգրավում, որովհետև այսօրվա ձևակերպված վարկերն առևտրային են, որոնց տոկոսադրույքները բարձր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

 

Նա տեղեկացրեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 94 մլրդ դրամ վարկային պարտավորություններ, որոնց սպասարկման ծախսերը լուրջ ազդեցությունն են ունենում արտադրող կայանների վրա' վճարումները ժամանակին կատարելու առումով: «Չնայած դրան համակարգում հարկային պարտավորություններ և չվճարված աշխատավարձեր չկան»,- ասաց Զախարյանը:

 

Էներգետիկայի նախարարի խոսքով, էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների ծախսերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկերություններն ունեն շուրջ 17,9 մլրդ դրամ լրացուցիչ ծախսեր, որոնք ներառված չէին գործող սակագներում: «Դրա հետևանքով անհրաժեշտություն առաջացավ վերանայել սակագինը, որի արդյունքում օգոստոսի 1-ից այն բարձրացավ 3,85 դրամ/կՎտժ-ով»,- ասաց նախարարը:

 

Օգոստոսի 1-ից Հայաստանում բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը, որից հետո 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում' տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կազմեց 41.85 դրամ, գիշերային սակագինը' (23.00-ից մինչեւ 7.00)' 31.85 դրամ: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային սակագինը կազմեց 38.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ: 35 կՎ եւ բարձր լարման բ ջիջներով սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կազմեց 32.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ: