Հայկական «Լիկվոր» դեղագործական ընկերությունից հետ երկրորդ դեղարտադրողը' «Արփիմեդ»-ը ստացել է GMP (Պատշաճ արտադրական գործունեություն) հավաստագիր:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նա բացատրեց, որ հավաստագիրը եվրոպական դեղարտադրության ամենաբարձր չափանիշն է, որը տեղական արտադրողներին թույլ կտա վստահորեն արտահանում կազմակերպել աշխարհի շատ երկրներ: «Հայկական դեղարտադրողներն արդեն տարիներ շարունակ կայուն աճ են գրանցում, իսկ ներկայումս էլ նրանք հաջողություններ են արձանագրում միջազգային սերտիֆիկացման ոլորտու մ:

 

Վերջին նվաճումը «Արփիմեդ» ընկերության կողմից էր, որը ևս ստացավ «GMP» հավաստագիրը: Մյուս նվաճումը Ուկրաինական փորձագիտական կենտրոնի հավաստագիրն է, որը հնարավորություն է տալիս «Արփիմեդ»-ին շուրջ 30 անուն դեղամիջոցներ արտահանել Ուկրաինա»,- «Արեմնպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զաքարյանը: Նա նշեց, որ դեռ անցյալ տարի է Հայաստանի փորձագիտական կենտրոնն սկսել այս ստանդարտացմամբ փորձաքննություն անցկացնելը:

 

Սամվել Զաքարյանը տեղեկացրեց, որ այս տարի ոլորտում առաջացել են որոշակի մարտահրավերներ, որոնցով պամանավորված դեղագործության աճի տեմպը գուցե զիջի նախորդ տարիներին: «Խոսքը չհաշվառված կորուստենրի մասին է, այսինքն' մենք սպասելիքներ ունենք, սակայն մեզանից անկախ պատճառներով արտահանման անկում է նկատվում:

 

Դա կապված է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի իրադարձությունների հետ: Այդ պետությունները, նաև Վրաստանը Հայաստանի դեղարտադրողների ամենամեծ շուկաներն են ներկայացնում»,- ասաց Զաքարյանը: Ոլորտի խոչընդոտներից նա առանձնացրեց նաև դեղերի դրոշմապիտակավորման պահանջը, որը տեղական արտադրողների համար նոր դժվարություններ է ստեղծում:

 

2013 թվականին դեղերի արտադրության ծավալն աճել է 26 տոկոսով, իսկ արտահանումը 29 տոկոսով: Նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ «Լիկվոր» դեղագործական ընկերությունը ստացավ Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր: