Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցանկանում է, որպեսզի խորհրդարանում լրագրողների աշխատանքը պատգամավորների հետ քաղաքակիրթ եղանակով լինի: ԱԺ նախագահն ընդգծում է, որ լրագրողների մեծ մասը խորհրդարան են գալիս ինտրիգներ փնտրելու, այլ ոչ թե ԱԺ աշխատանքները լուսաբանելու համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգի վերաբերյալ իր կողմից արված հայտարարությանը, խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ իր այս հայտարարության նպատակը խորհրդարանի աշխատանքների լուսաբանումը քաղաքակիրթ եղանակով կազմակերպելու նպատակ է հետապնդել:
«Դա իմ կողմից եղել է հայտարարություն, սակայն չի նշանակում, թե ինչ-որ կարգեր են փոխվում: Այսօր լրագրողների մեծ մասը խորհրդարան են գալիս ինտրիգներ փնտրելու համար: Այսինքն' նրանք լուսաբանում են ոչ թե Ազգային ժողովի աշխատանքը, այլ սպասում են, որպեսզի որևէ պատգամավոր տեսնեն և հարձակվեն հարցազրույցի համար: Բանն այն է, որ քառօրյա նիստերից հետո էլ խորհրդարանը բաց է լրագրողների համար, և նրանք կարող են պայմանավորվել պատգամավորի հետ և գալ հարցազրույցի»,- ասաց Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ Ազգային ժողովն իր հնարավորություններով կարող է ընդունել 30-50 լրագրող, սակայն ներկայում հավատարմագրվում է 300-ից ավել լրագրող, որիc մոտ 80 տոկոսը մասնակցում է նիստերի լուսաբանմանը: «Ես նաև ասել եմ, որ այս հարցը դեռևս քննարկելու եմ լրագրողների հետ, բերելու եմ հիմնավորումներ, աշխարհի տարբեր երկրների փորձը:
Օրինակ' ես շատ երկրների խորհրդարաններում եմ նիստերի մասնակցել և ոչ մի տեղ պատգամավորի վրա հարձակվող լրագրողների հոսք չեմ նկատել: Ես կողմնակից եմ քաղաքակիրթ աշխատելաոճին և դրան հասնելու եմ ոչ թե խաղի կանոնները փոխելու եղանակով, այլ համագործակցության ճանապարհով: Խորհրդարանի և լրագրողների միջև ցանկացած խնդիր հարթվելու է՝ հաշվի առնելով լրագրողների տեսակետը»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը նկատում է, որ իր այդ հայտարարության քննադատությունը հավանաբար առաջացել է ամառային, այսպես ասած, լրատվական դադարը լրացնելու համար: «Ինչ ասես, որ չասացին, փորձեցին կռել իրենց տրամաբանությունը, սակայն տեսան, որ որևէ մեկն իրենց բանի տեղ չի դնում, արդեն լռել են»,- ասաց նա:
Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրումը սկսվում է օգոստոսի 15-ից: ԱԺ նախագահը վստահեցնում է, որ կանոնակարգում որևէ փոփոխություն չի իրականացվել, թեև դա իր լիազորությունների շրջանակներում է և ինքը կարող էր դա հանգիստ անել: Նա ընդգծեց, որ ինքը կարող է «շատ դաժան լինել» և փոխել հավատարմագրման կարգը, սակայն կարող է նաև «դաժան չլինել»:
«Սակայն ես մտածում եմ ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի մասին, այլ նաև լրատվական դաշտի մասին: Ես ցանկանում եմ, որ լրատվական դաշտը մեր հասարակության համար արդյունավետ գործ իք լինի՝ օբյեկտիվ տեղեկատվության փոխանցման համար»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
Վերջին շրջանում հանրային ակտիվ քննարկման առարկա էր: Մասնավորապես խոսվում էր այն մասին, որ հնարավոր է կրճատվի ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների թիվը, իսկ հավատարմագրվել կկարողանան միայն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները, ովքեր կաշխատեն միայն հատուկ իրենց համար նախատեսված սենյակում: