Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կերպ է արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի խնդրանքին մեկնաբանելու Սոչիի հանդիպման առնչությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյայի արած հայտարարությանը:

 

«Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին»,- շեշտել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին' Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր: