Արևմուտքից և ԱՄՆ-ից որոշ ապրանքների ներմուծումն արգելելու Ռուսաստանի որոշումը հսկայական շուկա է բացում հայկական արտադրողի համար, և ամեն ինչ ճիշտ կազմակերպելու դեպքում հայկական արտադրողները կարող են լուրջ դեր խաղալ ռուսական շուկայում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ հայկական ապրանքը միշտ էլ իր տեղն ունեցել է ռուսական շուկայում և այնտեղ պահանջարկ է վայելել, սակայն այս պահին հնարավորություններն ընդլայնելու համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել: «Հիմա մենք պետք է կազմակերպչական կարևոր քայլեր ձեռնարկենք ռուսական շուկայում կարևոր տեղ ունենալու համար: Սկզբի համար մեզ համար կարևոր է ընդհանուր տնտեսության մրցունակության բարձրացումը»,- նշեց նա:
Տնտեսագետն ընդգծեց, որ այս պահին Հայաստանի տնտեսության մեջ բացարձակ առավելություն ունի գյուղատնտեսության ոլորտը՝ իր էկոլոգիապես մաքուր սննդամթերքի, ինչպես նաև վերամշակված գյուղմթերքի արտադրանքով: «Վերջին օրերի գյուղնախարարության, ինչպես նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի քայլերն ուրախացնում են և հույս ներշնչում, որ այսպես շարունակվելու դեպքում, մեր գյուղմթերքը կսկսի լուրջ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում: Այդ դեպքում արդեն մենք կունենանք տնտեսության բազմակի էֆեկտ, այսինքն՝ արտահանման հաշվին արտարժեքի ներհոսք, նոր աշխատատեղերի ավելացում, արտագաղթի մասնակի կանխում»,- նշեց նա:
Տնտեսագետը, սակայն, ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս շտապել, քանի որ ռուսական շուկայում տեղ ունենալու ցանկություն հայտնողները շատ են, այդ թվում' նաև մեր հարևանները: Նա ընդգծեց, որ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, և շարունակվեն այն ջանքերը, որ արդեն սկսել են գործադրվել, կարող ենք հասնել ցանկալի արդյունքի:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունն արգելել է Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից մսի, ձկան, կաթի և կաթնամթերքի, մրգերի, բանջարեղենի ներմուծումը: Այս որոշումը կայացվել է նախագհ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան: Արգելքը կգործի մեկ տարի: