Իրաքի Մոսուլ քաղաքը զավթելուց հետ տարածաշրջանում քրիստոնյաների եւ եզդիների կոտորած սկսած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման սեւ գույնի դրոշը Թուրքիայի պետական դրոշի կողքին կախված հայտնվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Գարվուդ քաղաքի տներից մեկի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Twitter սոցիալական ցանցում ԻԼՊԻ-ի եւ Թուրքիայի դրոշներով «զարդարված» այդ տան լուսանկարը հայտնվելուց հետո, անվտանգության մարմինները տանտիրոջից, ում անունը չի նշվում, պահանջել են հանել ԻԼԻՊ-ի դրոշը: Տանտերը իջեցրել է ԻԼԻՊ-ի դրոշը եւ նրա տեղում տեղադրել այլ դրոշ:

 

Թուրքական «Ջումհուրիթ» թերթը հավելում է, որ ԻԼԻՊ-ի դրոշը կախած տանտերը թեմայի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի արել, սակայն, թաղամասի բնակիչները հայտնել են, որ ահաբեկչական այդ խմբավորման դրոշը, որը նաեւ նրանց կողմից Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած տարածքներում հռչակված «Իսլամական պետության» դրոշն է, երկար ժամանակ կախված է եղել նրա տան վրա:

 

ԻԼԻՊ-ի հետ Թուրքիայի իշխանությունների կապեր ունենալու մասին թուրքական եւ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Պաշտոնական Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ը «որեւէ վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար»:

 

«Իսլամական պետություն» հռչակած ԻԼԻՊ-ի առաջնորդներն էլ հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը Թուրքիան եւ Ադրբեջանն է: