«Երեկվանից սկսած ադրբեջանցիները ակտիվորեն սկսել են մարդկանց մեկնաբանություններում ուղարկել տեսանյութեր, որոնք իրենց ՊՆ-ն է հրապարակում, հիմնական իմաստը հոգեբանական ճնշում գործադրելն է, քանի որ տեսանյութում, ռազմական տեխնիկայի ոչնչացում, կամ մահացած զինվորն են ներկայացված, եթե նյարդերից թույլ եք, հաստատ, պետք չէ մտնել և դիտել տեսանյութը, էստեղ մնում է միայն բողոքել սոցիալական ցանցին, մեծ քանակի բողոքները թույլ կտան վերացնել այդ հրապարակումները»,- նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ասուլիսին նա նաև անդրադարձ կատարեց իսլամիստ գրոհայինների և Թուրքիայի մասնակցությանը Ադրբեջանի սանձազերծած գործողություններին. «Աշխարհով մեկ սկսեց լայն տարածում գտնել իսլամիստ գրոհայինների մասնակցությունը, ինչը փոխում է ընդհանուր պատկերացումը՝ ինչ է կատարվում այստեղ: Այսինքն՝ սա մարդկանց համար ինչ-որ տեղական կլոնֆլիկտ չէ, որին կարելի է ուշադրություն չդարձնել: Սա ինչ- որ տեղ է, որտեղ քաղաքակիրթ ամբողջ աշխարհի թշնամիններն են հայտնվել և պարզ է՝ ընկալումները շատ արագ փոփոխվում են: Երեկվանից շատ լուրջ լրատվականներ քննարկում են այս թեման: Եկեք հասկանանք, որ Թուրքիան այսօր շատ նեգատիվ պատկեր ունի աշխարհի շատ երկրներում: Նրա և իսլամիստ գրոհայինների մասնկացությունը կտրուկ փոխում է պատկերը, կոնֆլիկտը այլևս տեղական բնույթ չի կրում, այն տարածում է ստանում»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը: