Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը, ինչպես Ռուսաստանը, իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: «Եթե Ռուսաստանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, ապա Թուրքիան նույնպես կարծում է, որ ինքը ոչ պակաս իրավունք ունի նույն մասնակցությունը ունենալու: Ես այդ թեմայով Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին որևէ բան չեմ լսել», - լրագրողներին ասել է Էրդողանը: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցում արդյունքների չի հասել: «Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ Սիրիայի և Լիբիայի հարցերով: Հուսով եմ, որ կկարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցում և վերջապես լուծել այդ խնդիրը», - հավելել է Թուրքիայի ղեկավարը։