Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «3 + 3» հարթակի շրջանակներում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնելու Անկարայի ծրագրերի մասին, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է ևս մեկ հանդիպում անցկացնել Թուրքիայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։
«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն: Վրաստանը մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ: Հայաստանը շեշտում է՝ այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։