Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «ապրիլքսանչորսյան» ուղերձը: Այս մասին տեղեկացնում է Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնը:
Հայտարարությունում նշված է, որ 2016 թվականի ապրիլի 22-ին Սպիտակ տան ղեկավարի տարածած հայտարարությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հանդեպ հերթական «միակողմանի» վերաբերմունքն է։
Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել հարյուրավոր տարիներ համատեղ գոյակցության վրա հենված հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կառուցման հարցի շուրջ Անկարայի դիրքորոշման «անկեղծության» վրա. «Բավական ցավալի է, որ Թուրքիայի դաշնակիցներն ու ընկերները, որոնք աջակցության փոխարեն Թուրքիային դիմում են նման կոչով, անհրաժեշտ են համարում կրակի վրա յուղ լցնել այն շրջանակների համար, որոնք ձգտում են խորացնել դիմակայությունը։
Պատմական ողբերգական դեպքերը քաղաքական գործիքի վերածելու փորձերը օգուտ չեն բերել որևէ մեկի։ Որոշ շրջանակներ փորձում են օգուտներ քաղել երրորդ երկրների քաղաքական դիրքորոշումներից, որոնք ամեն տարի հնչեցվում են որոշակի ժամկետում։
Այդ ամենը ոչ միայն հարվածում է խաղաղության ու բարեկամության հույսերին, այլև՝ իրենց տեսակում վիրավորական են այն ցավի հանդեպ, որոնք զգում են կողմերը՝ կապված պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Դրա հետ կապված՝ ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ ենք անում օբյեկտիվորեն ընկալել պատմական իրողությունները և հաշվի առնել բոլոր կողմերի ցավերը, ինչը հնարավորություն կտա ձևավորել անկողմնակալ, կառուցողական ու պատասխանատու մոտեցում»։