Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելն արձագանքել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ուղղված հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:

 

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին' Թուրքիայի նախկին նախագահն ասել է. «Դրանք շատ ցավոտ և դժվար օրեր էին: Այդ օրերն ափսոսանքով ու ցավով ենք հիշում»: Դեմիրելը միաժամանակ անդրադարձել է նաև ապրիլի 23-ին Էրդողանի արած հայտարարությանը' ընդգծելով, որ դա «նրա անձնական իրավունքն է»:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին, սակայն խեղաթյուրել է Հայոց ցեղասպանության իրողությունն ու հնչեցրել ժխտողական կոչեր:

 

Ապրիլի 24-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և ի մասնավորի ասել. «Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը' փորձելով դրանում տեսնել պատմության հետ առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը' զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը»: